ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Երիտասարդի անկումը և վերածնունդը

Երիտասարդի անկումը և  վերածնունդը
12.11.2013 | 00:29

Տարիներ առաջ էր երբ ես Լա Քրասենթայի ու Թահանգայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվն էի, մի օր զանգահարեց հավատացյալներից մեկը և մի կարևոր հարցով ուզեց տեսնել ինձ: Բնական է, ես սիրով համաձայնեցի: Եկավ, բարետես մի կին էր, հետո իմացա, որ երեք երեխաների մայր է, ամուսին էլ ունի: Մի քանի րոպե զրուցելուց հոտո սկսեց լաց լինել ու պատմեց իր ընտանիքի, մասնավորաբար տղայի մասին: ՈՒշադիր լսեցի նրան: Պատմությունն այս էր:
Մի կերպ իրեն զսպելով, նա ասաց. «Տեր հայր ջան, իմ ամուսինը ժամանակին թմրամոլ էր, հիմա էլ երբեմն օգտագործում է: Հիանալի երեխաներ ունեմ, երկու աղջիկ և մի տղա: Բոլորն էլ սովորող, ծնողներին հարգող, լսող զավակներ են, գոհ ենք նրանցից: Տղաս դպրոցն ավարտելուց հետո համալսարան ընդունվեց և, որպեսզի գնալ-գալ չլիներ, ուզեց ապրել նրան մոտ մի հանրակացարանում: Մենք էլ համաձայնեցինք: Ամեն բան լավ էր: Նա հիանալի էր սովորում: Երբեմն էլ տուն էր գալիս, կամ մենք էինք գնում: Հանկարծ մի օր մեր տուն է զանգահարում Գլենդելի եկեղեցիներից մեկի աշխատողն ու ասում, որ մեր տղան այնտեղ է և շտապ օգնության կարիք ունի: Անմիջապես գնացինք: Երբ տեսանք նրան, չհավատացինք մեր աչքերին: Անհավատալի փոխված էր, գույն չկար երեսին, նույնիսկ անկարող էր ոտքերի վրա կանգնելու: Մի կերպ տուն բերեցինք: Պարզվեց, որ վերջին շրջանում, որպեսզի կարողանա արագ կերպով համալսարանն ավարտել, գիշերները չքնելու ու դասերը սովորելու համար օգտագործել է թմրանյութ (մարիխուանա կոչվածը): Եվ դա իր համար սովորություն է դարձել, ու մի օր էլ չափազանց շատ է օգտագործել և ընկել է այդ վիճակի մեջ: Արդեն երկրորդ շաբաթն է, որ տանն է, սենյակից դուրս չի գալիս, հետը հնարավոր չէ խոսել, ծայրաստիճանի գրգռված վիճակ ունի: Ոստիկանություն չենք կարող կանչել, ներքին կարգով մի բժիշկ կանչեցինք, որ նրան նայի, թույլ չտվեց: Չգիտենք ի՞նչ անենք: Հեռուստացույցով Ձեզ տեսա, կարծես մեջս մի հույս ծագեց, ասացի փորձեմ, գուցե այս տեր հայրը մեզ կարողանա օգնել և մեր տղային այդ վիճակից հանի»: Ես նրան ուշադիր լսեցի, մտքումս ծանրութեթև արեցի նրա ընտանիքի վիճակը և փորձեցի հանգստացնել ու խոստացա անպայման այցելել: Եվ հաջորդ օրը գնացի: Երիտասարդը հազիվ քսաներեք-քսանչորս տարեկան լիներ: Ծանոթացա նրա հետ. այդ պահին կարծես հանգիստ էր: Զրուցեցի ու նրան հրավիրեցի եկեղեցի աղոթելու: Համաձայնեց, եկավ ծնողների հետ: Պատկերացրեք նրա հետ եկեղեցում աղոթում ենք, մենակ ենք` մենք և ծնողները: Հանկարծ ի՞նչ պատահեց, չգիտեմ, նա վազեց ու բարձրացավ Սուրբ սեղանի վրա և սկսեց ցատկոտել, անհանգիստ շարժումներ անել: Հազիվ կարողացանք իջեցնել Սուրբ սեղանից ու տուն տանել: Մայրը մի օր անհանգիստ զանգահարեց. «Տեր հայր, խնդրում եմ, եկեք մեր տուն, այստեղ պատերազմ է»: Շատ արագ հասա նրանց տուն, տեսածիս չհավատացի։ Տղան ջինս էր հագել և երկու գրպաններում դաշույններ էր դրել, ու վախեցած մայրը, հայրը և քույրերը չգիտեին ինչ անեն: Բնական է, իրենց հարազատի վրա ոստիկան չէին կարող կանչել, քանի որ անմիջապես նրան կձերբակալեին, ու խնդիրը շատ կբարդանար: Ստիպված տանում էին նրա բոլոր արարքները, միայն թե հանգիստ մնա: Այդ պահին նա շատ անհանգիստ էր: Տունը սեփական էր և բակ էլ ուներ: Տղան բակում դաշույնները դրած անհանգիստ գնում-գալիս էր: Մեծ համարձակություն էր նրա մոտ մտնելը: Խաչս հանեցի ու գնացի: Երբ դուռը բացեցի, գլուխը բարձրացրեց, ինձ տեսավ, անմիջապես խաղաղություն իջավ նրա վրա: Առանց մի րոպե իսկ կորցնելու, օգտվեցի առիթից և դաշույնները դուրս հանեցի գրպաններից ու ապահով տեղ դրեցի: Իսկ իրեն համոզեցի, որ ներս մտնի, թեյ խմենք միասին, ու որոշ ժամանակ հետո նրան տարա իր ննջասենյակը, և քնեց: Աստծու զորությամբ, իմ հաճախակի այցելություններով, ծնողների հետևողականությամբ, քույրերի սիրալիր վերաբերմունքով, բավական ժամանակ անց, նա խելքի եկավ, արթնացավ, դուրս եկավ այդ վիճակից, գնաց, շարունակեց իր համալսարանական կիսատ թողած ուսումը, ավարտաճառը պատրաստեց ու շրջանավարտ էլ եղավ: Իր ճյուղը Politic Science, այսինքն` մասնագիտությունը քաղաքականության գծով էր: Դժբախտաբար, մի դեպք պատահեց այդ ընթացքում, որն ստվեր գցեց նրա կյանքի վրա և քիչ մնաց ճակատագրական լիներ: Ծնողները, նրա մի քիչ լավանալուց ուրախացած, որոշեցին նրան միայնակ ճամփորդության ուղարկել, ինչը, իմ կարծիքով, շատ սխալ էր, և ես իրենց էլ խորհուրդ տվեցի, որ դա չանեն: Բայց նրանք ինձ չլսեցին և ուղարկեցին։ Արդյունքը… պարզ է, կրկնվեց իր հին հիվանդությունը, որովհետև մի ընկերոջ հետ նա նորից փորձել և օգտագործել էր այդ «թույնը»: Վերադարձավ, նորից հանդիպումներ, բուժումներ, աղոթքներ, որոնք բարեբախտաբար օգնեցին վերականգնելու նրա նախկին վիճակը: Այս անգամ ծնողները որոշեցին նրան Հայաստան տանել: Տարան: Այնտեղ իրենց ծանոթ ընտանիքներից մեկի աղջկան էլ, հակառակ տղայի կամքի, նշանեցին ու մի քանի ամիս հետո էլ բերեցին և ամուսնացրին: Սխալը սխալի հետևից: Արդյունքը` «Ես չեմ սիրում նրան, դուք ինձ ինչո՞ւ ստիպողաբար ամուսնացրիք»: Կռիվներ, շաբաթներով բացակայություն տանից: Վերջում` բաժանում:
Մի կողմից` անկում, մյուս կողմից` վերածնունդ, նորից անկում, նորից վերածնունդ: Ինչքա՞ն: Աստված ասաց. «Բավական է Ձեր չարչարանքը, թող ներված լինեն բոլորիդ մեղքերը, ես նրան կփրկեմ ու Իմ ձեռքը կառնեմ»: ՈՒ այդպես էլ եղավ: Եկավ մի պահ, տղան սկսեց Սուրբ գրքի սերտողություններին հաճախել, Աստծու խոսքերը լսել, աղոթքի կյանքով սկսեց ապրել ու մի տեսակ կարծես վերածնվեց: Վերևում ասացի, որ համալսարանն ավարտեց ու դարձավ քաղաքական գիտության մասնագետ: Սակայն մտածեց, որ դեռևս այդ գծով փորձ չունի և որոշեց այլ աշխատանք կատարել, մինչև որ կարողանա իր բուն մասնագիտությանը տիրապետել: Մի օր ինձ ասաց. «Տեր հայր ջան, չեմ կարողանում ինձ ներել, ես այսքան նեղություն եմ տվել իմ ծնողներին, իմ շրջապատին, պիտի ծանր աշխատանքով, աղոթքով քավեմ իմ մեղքերը»: Մի քանի տարի մեծ մեքենաներով ապրանք էր տանում Ամերիկայի զանազան նահանգները, տասն օրով, տասնհինգ օրով բացակայում էր տնից: Սակայն, երբ նեղություն էր ունենում, մտքի և հոգու խռովք, նախընտրում էր զանգել իր հոգևոր ծնողին: Ես փորձում էի նրա խռովահույզ հոգին հանգստացնել, միտքը հանդարտեցնել: ՈՒ ամեն անգամ, երբ պիտի հրաժեշտ տար հեռախոսով, ասում էր. «Շնորհակալ եմ քեզանից, տեր հայր ջան, քեզ հետ խոսելուց հետո խաղաղություն է գալիս վրաս»: ՈՒ այսպես շարունակ:
Երեկ վերադարձել էր երկար ճամփորդությունից, զանգեցի, պատասխանեց, որ այստեղ է, Լոս Անջելեսում: Միասին ճաշեցինք: Ճաշի ընթացքում, երբ նայում էի նրան, կարմիր թելի նման մտքիս արահետներում անցան այն դժվարին ու փոթորկալից օրերը, որոնք մնացին հետևում, և ես մտովի ուրախացա, որ անկումից հետո նա վերածնունդ ապրեց: Երբ խոսում էինք, հիշեց, մեղավորի պես, այն աղջկան, որի հետ ամուսնացավ առանց սիրելու և շատ ցավ զգաց, որ բաժանվեց նրանից: «Փնտրում եմ ինձ սիրող մեկին, որ ամուսնանամ, ի՞նչ կասես, տեր հայր, կգտնե՞մ»: Ասացի. «Մոռացա՞ր Ավետարանի պատգամը, թե` «Փնտրի՛ր, որ գտնես, խնդրի՛ր, որ ստանաս և դուռը ծեծի՛ր, որ բացվի քեզ համար»: Դու հիմա նոր ծնունդ ապրեցիր, վստահ եմ, որ Աստված քեզ պիտի օգնի, որպեսզի կյանքդ հավատով ու սիրով շարունակես` ժպիտ պարգևելով թե ծնողներիդ, թե շրջապատիդ և թե ապագա ընտանիքիդ»: Ճաշից հետո մենք ողջագուրվեցինք ու նա գնաց փնտրելու իր երջանկության ճանապարհը:
Այս երիտասարդը փրկվեց. սակայն սրա նման քանի՜ քանիսը կան, որ չեն կարողանում դարիս այդ «թույնից» ձերբազատվել ու դժբախտաբար երիտասարդ տարիքում հեռանում են կյանքից, մեծ ցավ պատճառելով իրենց ծնողներին ու հարազատներին: Փորձենք ամեն մեկս Աստծու զորության վրա մեր հույսը դնելով, փրկել մի երիտասարդի այս «թույնի» ճանկերից ու, վստահ եղեք, պիտի գնահատվենք Ամենակալի կողմից, երբ ժամանակը գա: Եվ մի մտածեք, թե չեք կարող, դժվար է, նույնիսկ անկարելի: Մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար, պիտի փորձենք և անպայման կհաջողենք, քանի որ Հիսուս ասում է. «Այն, ինչ որ հավատով խնդրեք, պիտի տրվի ձեզ»: Շարժվենք Տիրոջ իմաստությամբ:


Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ